Քառամյակի գլխավոր սպորտային իրադարձության
մեկնարկից արդեն անցել է մեկ շաբաթ: Ամբողջ աշխարհն էր սպասում Ռիո դե Ժանեյրոում մեկնարկելիք
31-րդ օլիմպիական խաղերին: Պատահական չի, որ խաղերի բացման արարողությունը ամբողջ աշխարհում
դիտել է 3 մլրդ մարդ: Բրազիլիայում կայացող օլիմպիական խաղերին մասնակցում է նաև Հայաստանի
հավաքականը, որի կազմում կա ռեկորդային 33 մարզիկ: Օլիմպիական խաղերի բացումից 7 օր
անց իրենց ելույթները սկսել են 13 մարզիկներ: Այսօր ձեզ եմ ներկայացնում Ռիոյում հայ
մարզիկների գրանցած արդյունքների համառոտ նկարագրությունը:
ՓՈՐՁ ՀԱՋՈՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի հավաքականում շատ են
երիտասարդ մարզիկ/մարզուհիները որոնք ունեն փորձի պակաս:
24-ամյա Արթուր Դավթյանը, 20-ամյա Արթուր Հովհաննիսյանն ու Հրաչ Բաբայանը,
19-ամյա Վահան Մխիթարյանը մասնակցում էին իրենց առաջին օլիմպիադային և դժվար թե ինչ
որ լուրջ արդյունքների հասնեին և այդպես էլ եղավ, նրանք պայքարը թողեցին հենց առաջին
փուլից: Փորձի պակաս, անինքնավստահություն, հուզմունք, սրանք կարևոր պայմաններ են որոնք
մարզիկին խանգարում են հաջողության հասնելու: Այդ ամենը ձեռք է բերվում կարևոր մրցաշարերի
մասնակցելու շնորհիվ և ես վստահ եմ որ արդեն հաջորդ՝ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին այս մարզիկները
կպայքարեն մեդալների համար:
ՄԵԴԱԼԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Մենք ունեցանք ոչ միայն պարտություններ,
այլ նաև հաղթանակներ այս 7 օրերի ընթացքում: Այդ հաղթանակներից ամենանշանակալին մարմնամարզիկ
Հարություն Մերդինյանի եզրափակիչ դուրս գալն էր: Հարությունը օգոստոսի 14-ին Ռիոյում
պայքարելու է ոսկու համար: Բացի Հարությունից հաջորդ փուլ են անցել նաև բռնցքամարտիկներ
Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը, ովքեր ցույց տալով բարձր կամային հատկանիշներ
անցան 1/8 եզրափակիչ:
Իսկ Հովհաննեսը հենց առաջին ռաունդում ենթարկվեց նոկդաունի, բայց կարողացավ իր մեջ
ուժ գտնել, պայքարել ու հասնել արդյունքի:
ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՒՄ
Մարդ, ով կարողացավ ավտովթարից
հետո վերադառնալ մեծ սպորտ: Մարդ, ով ծանր վնասվածքներից ու մայրանալուց հետո կարողացավ
վերադառնալ մեծ սպորտ, արժանի է ոչ միայն հարգանքի, այլ նաև հերոսի կոչման: Եվ այդ
մարդը, ով անցնելով այդ ամենի միջով, վերադարձել է մեծ սպորտ, գյումրեցի հերոս Նազիկ
Ավդալյանն է: Տեսնելով, թե ինչպես էր Նազիկը պայքարում ծանրաձողի հետ, մտածում ես որ
նա օժտված է մի անմարդկային ուժով, որի շնորհիվ էլ իր գլխավերևում պահեց 135 կիլոգրամը:
Նազիկը օլիմպիական խաղերում գրավեց 5-րդ տեղը:
Մեր մյուս մարզուհին՝ Հուռի Գեբեշյանը
մասնակցելով օլիմպական խաղերին, պատմության մեջ մտավ որպես առաջին հայ մարմնամարզուհի,
ով ներկայացրել է Հայաստանը օլիմպիական խաղերում: Նրան հաջողվեց նաև մտնել համաշխարհային
մարմնամարզության պատմության մեջ, կատարելով մի նոր հնարք, որը հետագայում անվանեցին «Գեբեշյանի հնարք»:
ՎՆԱՍՎԱԾՔԻ ՑԱՎՆ ԷԼ ԶԳԱՑԻՆՔ
Սարսափելի վնասվածք, որը մեզ զրկեց մեդալից: Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը հիանալի կատարելով պոկում վարժությունը զբաղեցնում էր 2-րդ տեղը, սակայն հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Անդրանիկը ստացավ շատ ցավալի վնասվածք և թողեց պայքարը: Անդրանիկը շատ տաղանդավոր և երիտասարդ ծանրորդ է և հուսով եմ դեռ կհասցնի իրականացնել իր օլիմպիական երազանքը:
Մեր մյուս մարզիկը ով վնասվածք ստացավ, նույնպես պայքարում էր մեդալների համար: Նա բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն էր, ով հրաշալի հաղթահարեց 1/16 եզրափակչի արգելքը և 1/8 եզրափակչում մենամարտում էր Լոնդոնի օլիմպիական խաղերի
չեմպիոն Ռոնիել Իգլեսիասի հետ: Մենամարտի սկիզբը ցույց տվեց, որ Վլադիմիրը կարող է
ցույց տալ արժանի պայքար և նույնիսկ հաղթահարել այդ փուլի արգելքը, սակայն առաջին ռաունդի
վերջին րոպեներին ստացավ վնասվածք և բժիշկները այգելեցին նրան շարունակել մարտը:
ՈՉԻՆՉ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԷԼ ԿՈՒՆԵՆԱՆՔ
Ռիո մեկնած մեր մարզիկներից մի
քանիսը, ովքեր դեռ չեն մեկնարկել, ֆավորիտներ են իրենց մարզաձևերում: Արթուր Ալեքսանյան,
Արսեն Ջուլֆալակյան, Միհրան Հարությունյան, մարզիկներ, ովքեր պատրաստ են Ռիոյում բարձր
պահելու մեր դրոշը և մեզ պարգևելու անհավանական զգացողություններ:
Հաջողություն ենք մաղթում մեր
մարզիկներին
Աստված Ձեզ հետ