Նոր մարզիչ, «նոր հավաքական», վատ մարզավիճակում գտնվող Մխիթարյան,
երկրպագուներին մեղադրող ֆեդերացիայի նախագահ: Ահա այն, ինչ հիմա ունի Հայաստանի
ազգային հավաքականը:
Հավաքականը մի քանի օր առաջ գլխավորեց Արթուր Պետրոսյանը: Պետրոսյանը
հավաքականում ունեցել է փայլուն ֆուտբոլային կարիերա: Մինչև վերջերս գլխավորում էր
հավաքականի ռմբարկուների աղյուսակը: Մոտ է եղել «Արսենալ» տեղափոխվելուն: Սակայն մարզչական
կարիերայում դեռ չի ունեցել որևե լուրջ հաջողություն բացի «Ցյուրիխի» Մ18 տարեկանների թիմի հետ Շվեյցարիայի չեմպիոն դառնալուց:
Գլխավորելով հավաքականը մարզիչները արդեն սովորություն էին դարձրել: Ով գլխավորում
էր հավաքականը, խոսում էր իր կողմից կատարվելիք սերնդափոխության մասին: Սակայն մինչ
այժմ ոչ մի փոփոխություն, ոչ մի նոր ֆուտբոլիստի բացահայտում: Ի տարբերություն իր նախորդների,
Արթուր Պետրոսյանը չխոսեց սերնդափոխության մասին, սակայն նշեց, որ երիտասարդ ֆուտբոլիստների
կներգրավի խաղի մեջ: Հուսանք, որ Պետրոսյանի փոփոխությունները կտարբերվեն նախկին՝ Սուքիասյանների
ու Շալանդների «սերնդափոխություններից», և մենք կունենանք այնպիսի հավաքական, ինչպիսին
էր Վարդան Մինասյանի ժամանակներում:
Ինչևիցե, հաջողություն մաղթենք Արթուրին հավաքականի ղեկին և ցանկանանք բազում հաղթանակներ,
որը և կվերադարձնի երկրպագուներիս սերն ու վստահությունը:
Բայց ինչպե՞ս հասնել հաջողության, երբ ֆեդերացիայի նախագահը,
հարցազրույցի ժամանակ երկրպագուներիս մեղադրելով ասում է.՝ «Երկրպագուները թույլ չեն տալիս, որ մարզիչները աշխատեն: Վարուժան Սուքիասյանը խաղադաշտ չմտած արդեն գոռում են Սուքիասյան հեռացիր»: Ռուբեն Հայրապետյանը նշում է, որ մենք՝ երկրպագուներս չենք
թողնում մարզչին աշխատել այն դեպքում, երբ մյուս հարցազրույցին ասում է.՝ «Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»: Ի՞նչ է նշանակում սա: Սա նշանակում է, որ Հայրապետյանը մեզ մեղադրելով, մարզչին
թույլ չի տալիս օգտվել այն հազվատեպ հանդիպող հայ ֆուտբոլիստների ծառայությունից, որոնք
հավաքականին կարող են օգուտ տալ: Սա նշանակում է, որ Հայրապետյանը ինքն իր համար ստեղծել
է ինչ որ օրենքներ, որոնց պարտավոր ենք ենթարկվել:
Այո, ինչպես ասում է Ռուբեն Հայրապետյանը՝ մենք մեղավոր ենք:
Մենք մեղավոր ենք նրանում, որ մինչև հիմա հանդուրժել և դիմացել ենք իր ցնորանքներին:
Մենք մեղավոր ենք նրանում, որ ենթարկվում ենք Հայրապետյանի կողմից ստեղծված այդ օրենքներին:
Սակայն խնդիրը ոչ միայն ֆեդերացիայի ներսում է, այլ նաև դրսում,
հենց ֆուտբոլիստների մոտ: Այն ժամանակվա ոսկե սերնդից չի մնացել գրեթե ոչինչ: Ժամանակ
կար, երբ հայ ֆուտբոլիստները գլխավորում էին իրենց առաջնության ռմբարկուների ցուցակը,
դառնում խաղի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ հիմա՞: Մենք ուրախանում ենք այն ժամանակ, երբ
հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտնում հանդիպման վերջին րոպեներին: Հատկապես ցավալի
է Մխիթարյանի վիճակը, ով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո ընդամենը 133 րոպե է խաղացել: Դա շատ ցածր ցուցանիշ է այն ֆուտբոլիստի համար,
ով նախորդ մրցաշրջանում ստացել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
Հուսանք, որ Մոնտենեգրոյի հետ հանդիպումը շրջադարձային կլինի
և Մխիթարյանի համար, և նոր մարզչի ու ֆեդերացիայի համար: Եվ մենք կհագեցնենք հաղթանակի
այն ծարավը, որը մեզ տանջում է արդեն 3 տարի: