вторник, 27 июня 2017 г.

Մեր բակի ֆուտբոլը...

«Արթուր, արի ֆուտբոլ խաղալու»՝ մեր բակի ֆուտբոլը սկսվում էր հենց այս արտահայտությունից, որին հաջորդում էր ավանդական «չին-գա-չունգ»-ը:

Քարերից «շտանգա»-ներ, դաշտի փոխարեն հողե ճանապարհ: Դրանք այն տարիներն էին, երբ ճանապարհին եղած փոսը կարող էր պատճառ հանդիսանալ խփածդ գեղեցիկ գոլին: Երբ բակի լավագույն խաղացողներին կոչում էին «Ռոնալդինյո»-ներ և «Զիդան»-ներ: Երբ դեռ չկային «Մեսսի»-ներն ու «Ռոնալդու»-ները:

Մանկության հուշերից ամենահիշվողն ու հուզիչը բակի ֆուտբոլային օրերն են: Երբ տեղափոխվել էինք մեր նոր տուն, «Զիդան»-ների շնորհիվ եմ ծանոթացել բակի երեխաների հետ, առաջին ֆուտբոլային հանդիպման ժամանակ նրանց դիմել հենց այդ անուններով:

Դա մի ժամանակաշրջան էր, երբ բոլորը սիրում էին իրար, բայց բոլորը հատկապես մեկին սիրում էին ավելի շատ: Դա գնդակն էր: Իսկ դաշտում իհարկե, ամենակարևոր մարդը գնդակի տերն էր, որովհետև հենց նրա տուն գնալուց հետո էր ավարտվում բակային ֆուտբոլը: Բակային ֆուտբոլի ավարտվելուն նպաստում էր նաև մեծերի ֆուտբոլը: Երբ սկսվում էր աշխարհի առաջնությունը, բոլորս միասին մեկի տանը դիտում էինք Բրազիլիայի խաղը:

Գիտեք, ես այնքան ուրախ եմ, որ ունեցել այդպիսի ֆուտբոլային օրեր, ուրախ եմ, որ ունեցել եմ ֆուտբոլային ընկերներ, որախ եմ, որ իմ մանկությունը զարդարել են հենց ֆուտբոլն ու այդ մարդիկ:

среда, 19 апреля 2017 г.

Եվրոպական Էլ Կլասիկոից հետո


Ավարտվեց եվրոպական ֆուտբոլի էլ կլասիկոն, և ավարտվեց մրցավարի հաղթանակով: Այս հանդիպումը ՉԼ-ում մինչ այժմ կայացած կարևորագույն և կենտրոնական հանդիպումն էր, որի վրա մրցավարները պիտի մաքսիմալ ուշադրություն դարձնեին: Այս նյութը գրում եմ որպես «Ռեալի» երկրպագու, բայց կփորձեմ հնարավորին չափ անկեղծ ու անկողմակալ լինել այս հույզերի տարափի մեջ:

«Բավարիա»-ի և «Ռեալ»-ի միջև կայացած առաջին խաղի սկզբից էլ պարզ էր, որ այս խաղերում ավելի մեծ դեր են ունենալու մրցավարները և հենց մրցավարական առաջին սխալը կարող էր ճակատագրական լինել թիմերի համար: Մի քանի րոպեում, դաշտում տեղի ունեցած զարգացումները հոգեբանորեն փոխեց երկու թիմերին էլ, սակայն «Ռեալ»-ը չնսեմացնելով այն կոչումը, որը կրում է, կարողացավ հաղթող դուրս գալ այդ պայքարում թե հոգեպես, և թե վերջնական արդյունքով:

Երկրորդ խաղը կրկին սկսվեց նույն սցենարով: Մրցավարի սխալն այս անգամ հաջողությամբ օգտագործեց Բավարիան: Որոշ ֆուտբոլասերների կարծիքով միայն թույլ թիմերին գոլ խփող Ռոնալդուի գոլը հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ: Իսկ նրանց, ովքեր ասում են մրցավարի ցույց տված կարմիր քարտերը տեղին չէին, կասեմ՝ արագ հակագրոհը կանգնացնողին ի՞նչ պատիժ տալ, կամ շատ կոպիտ ձևով ֆեպի խաղացողի վրա գնացողի՞ն:

Ավելացված ժամանակում ամեն ինչ ունեցավ իր տրամաբանական ավարտը: Չնայած Ռոնալդուի գոլը խաղից դուրս էր, բայց դա ոչինչ չի նշանակում: Դա չհաշվեր մրցավարը, ուրիշն էին խփելու: Իսկ ահա Մարսելոյի և Ասենսիոյի անցումները դաշտի կենտրոնից մինչև Բավարիայի դարպասը՝ հիասքանչ ավարտ էր «Ռեալ»-ի երկրպագուների համար:

Չնայած այս երկու պարտություններին, Բավարիայից հիանալի խաղ ցուցադրեց Նոյերը: Նա 2 խաղերում ընդհանուր կատարել է 16 սեյվ, որը խոսում է նրա բարձր կարգի մասին: Դա ռեկորդային ցուցանիշ է, երկու խաղերից կազմված պայքարում ոչ մի դարպասապահ չի կարողացել այդքան անգամ փրկել իր թիմին:

Ինչև, շնորհակալություն եմ հայտնում երկու թիմին էլ հիանալի ֆուտբոլի համար: Իսկ ՈՒԵՖԱ-ն թող սկսի մտածել խաղերի ընթացքում կրկնապատկերների ցուցադրման մասին, թե չէ մոտ ապագայում ֆուտբոլը կկորցնի իր երբեմնի հմայքը...

Արթուր Մոսոյան

суббота, 1 апреля 2017 г.

Մի տարի առաջ էր, ու հիմա...


Ապրիլի 1... ծիծաղի համաշխարհարային օր: Մի տարի առաջ, այդ հասկացողությունը վերացավ հայերիս մոտ: Ծիծաղը դարձավ վախ, ուրախության արցունքները՝ տխրության: Սկսվեց մի պատերազմ, որը առաջինն էր իր մասշտաբներով՝ Արցախյան պատերազմից հետ: Մի տարի առաջ էր...

Ասում էին, նոր սերունդը պատրաստ չէ պատերազմի, սխալվու՛մ էին: Մի տարի առաջ էր, երբ այդ սերունդը ապացուցեց դա, նաև ավելին: Ապացուցեց, որ կարող է կռվել, թեկուզ առանց զենք, թեկուզ և մենակ, բայց արիաբար: Չվախենալով սեփական կյանքը կորցնելուց, պայքարում էր ընկերոջ կյանքի համար: Դա կարող էր անել միայն Հայ զինվորը, և՛ արեց:

Մի տարի առաջ էր, երբ այդ սերունդը արժանիորեն կոչվեց հերոս: Մի տարի առաջ էր, որ ծնվեցին Ադամներ, Ռոբերտներ ու Արմեններ...: Եվ նրանց կողմից արված ամեն մի գործողություն պիտի հիշենք ամեն անգամ, ամեն կենացի, հայրենիքի մասին խոսելուց: Հենց նրանց արածներն են գալիք սերունդին ստիպելու լինել ավելի լավը...

Մի տարի առաջ էր, երբ փոխվեց ամեն մի ծնողի ներքինն ու արտաքինը, հոգեվիճակը: Մի տարի առաջ էր, որ սահմանին կանգնած ամեն հերոսի մայր ունեցավ վախի զգացում խառնված հպարտության հետ: Չէ՞ որ իր որդին էր պահում սահմանը, հայրենիքի դարպասները, որ ինքն ու մյուս ծնողները քնեն հանգիստ:

Մի տարի առաջ էր, որ փոխվեց մի ամբողջ ազգի մտածելակերպը, սերը երկրի նկատմամբ: Մի տարի առաջ, հենց պատերազմի օրերին էր, երբ արտագաղթող ազգը դարձավ դեպի տուն: Եկավ պաշտպանելու իր տունն ու օջախը, հողն ու ջուրը, հայրենիքը: Չկա նման դեպք ամբողջ աշխարհում՝ բացի Հայաստանից...

Մի տարի առաջ էր, ու հիմա... Փոխվեց ամեն ինչ, բայց մնաց նույնը...

Հեղինակ՝ Արթուր Մոսոյան

пятница, 24 марта 2017 г.

Կրթական համակարգը՝ արդեն հնացած մոդել


Կրթությունն ու կրթական համակարգը նախկին խորհրդային երկրներում... չկա ուղղակի: Մեկ դարյա պատմություն ունեցող դպրոցում շարունակվում է այն կրթական մոդելը, որը ստեղծվել է հենց ամենասկզբից: Եվ այն էլ այս տեխնոլոգիապես զարգացած դարում դա ուղղակի սարսափելի է: Այսօր կխոսեմ «10000 ժամ»-ի և ներկայիս կրթական համակարգի մասին:

Կրթական ծրագիրն այսպիսին է: Երեխան իր մանկության և պատանեկության տարիներից 12-ը նվիրում է դպրոցին, սովորում պետքական և անպետք այն ամենը՝ ինչ պետությունն է առաջարկում: Վերջում պատրաստվում քննություններին, այն էլ անհատական պարապունքների շնորհիվ, հանձնում և ստանում ատեստատ: Ցավալին էլ հենց այն է, որ սովորողների մեծ մասը սովորում է ուղղակի ատեստատի համար, հետագայում մասնագիտական ուսումը շարունակելու հնարավորություն ստանալու համար:

«10000 ժամ»-ը գիտականորեն ապացուցված այն ժամանակահատվածն է, որը պետք է մարդուն իր մասնագիտության մեջ հանճար դառնալու համար: Դրան հնարավոր է հասնել 10 տարի անդադար սովորելուց և փորձելուց հետո:

Այս երկու գործոնները հաշվի առնելով, կատարենք մի փոքրիկ հաշվարկ: Միջին վիճակագրական երեխան դպրոց է հաճախում 6 տարեկանում,  և այն ավարտում 18 տարեկանում: Բանակից զորացրվելուց հետո, արդեն 20 տարեկանում ընդունվում է համալսարան՝ իր երազանքի համար սովորելու: Եվ մինչև իր մասնագիտության մեջ 10000 ժամը լրանցնելը, դառնում է 30 տարեկան:

Իսկ սա նշանակու՞մ է, որ սովորական վիճակագրական մարդը կյանք է մտնում միա՞յն 30 տարեկանում: Մինչ դեռ հնարավոր էր դպրոցական տարիներին պատանու ընտրած մասնագիտությանն ավելի շատ ուշադրություն դարձնել, քան դրա հետ կապ չունեցողներին: Եվ դա էլ հերիք չէ, դպրոցը անհատին զրկում է սեփական մտածելակերպից և բոլորին դարձնում միանման: Կրթական համակարգի փոփոխությունն է, որ կարող է լուծել այս խնդիրը:

Ողղակի սարսափելի է և անկարելի է պատկերացնել այն երկրի վիճակը, որտեղ մարդկանց մուտքը դեպի լիարժեք կյանք լինում է միայն 30 տարեկանից:

Արթուր Մոսոյան

четверг, 2 марта 2017 г.

Հրաշքներ կատարվում են միայն Մադրիդում.



Երբ նախորդ խաղին մրցավարի սխալի պատճառով միավոր վաստակած թիմի խաղն ես վարելու, անհանգստություն չես կարող չզգալ և վախենալ նույն սխալը կրկնելուց: «Ռեալ Մադրիդ»-«Լաս Պալմաս» հադիպման մրցավարը դաշտ էր մտել այդ անհանգստությունը հոգում: Բորբալանը գիտակցելով «Ռեալ»-ի օգտին կատարվելիք սխալների լրջությունը, անգիտակցաբար նույնը կրկնեց ի օգուտ «Լաս Պալմասի»:


Հանդիպման սկիզբը խոստումնալից էր. մեկնարկային կազմում էին «Ռեալի» նախորդ հանդիպման հերոսները՝ Մորատան ու Իսկոն: Իսկ «Լաս Պալմասի» կազմից տուն էր վերադարձել «Ռեալ»-ի սան Խեսեն: Մորատան և Իսկոն այս խաղում ևս հերոսի կոչման էին արժանի. ընդհանուր խփելով 4 գոլ՝ արձանագրվեց ընդամենը մեկը: Մեղավորը երկրպագուների հաջորդ գրոհից վախեցող մրցավարն էր, ով երեքից առնվազն երկուսի դեպքում կարող էր արձանագրել գոլ:



Չհաշված երեք գոլերի շարունակությունը եղավ «Ռեալի» ֆուտբոլիստների չմտածված գործողությունները: Սկզբից Բեյլը որոշեց, մոռանալով ֆուտբոլի կանոնները, հարվածել մրցակցի ոտքերին, ինչը մրցավարի կողմից արժանացավ կարմիր քարտի: Հետո արդեն Ռամոսը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում: Իսկ հանդիպման ավարտից 30 րոպե առաջ 10 հոգով մնացած Ռեալը պարտվում էր արդեն 1-3 հաշվով:


Եվ ո՞վ է ասել, որ սա «Ռեալ»-ի համար պարտություն է նշանակում: Ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է, իսկ «Ռեալ»-ը ցույց է տալիս այդ խաղի գեղեցկության ամենատարբեր կողմերը: Հենց ֆուտբոլով, հատկապես Մադրիդի «Ռեալ»-ի խաղով ես հասկանում սերը, բայց ոչ սովորական մարդու, այլ ինչ-որ մի գեղեցիկ խաղի հանդեպ: Հասկանում ես պայքարն ու հավատը մինչև վերջին վայրկյանը, երբ ամեն ինչ թվում է վերջացած:



Առաջատարն առաջատար է մարմնով, հոգով: 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստն ու ընկերները չէին հավատում պարտությանը և չնայած 10 հոգով, բայց լուծեցին այդ խնդիրը: Սկզբում մի քանի համառ պայքարներից հետո 11-մետրանոց վաստակեց և իրացրեց Ռոնալդուն, իսկ հաջորդիվ օգնության հասավ «Սուրբ գլուխը»: Բայց այս անգամ Ռոնալդուի մարմնավորմամբ:

Հրաշքը կատարված էր,  և իհարկե,  այս աշխարհում կատարվում են տարատեսակ հրաշքներ: Իսկ ֆուտբոլային հրաշքներ կատարվում են միայն Մադրիդում:

Արթուր Մոսոյան

пятница, 24 февраля 2017 г.

Ռանիերի. Սիրո պատմության մասնակիցը հեռացավ



Ավարտվեց ևս մեկ սիրո պատմություն: Պատմություն, որի մեջ չկային երկու սիրող սրտեր, այլ մի ակումբ, մարզիչ և մի ամբողջ ֆուտբոլային աշխարհ, որոնք սիրում էին իրար փոխադարձ սիրո բոլոր տեսակներով: Ավարտվեց ևս մեկ ֆուտբոլային սիրո պատմություն՝ բաղկացած տարատեսակ նվաճումներով և հաղթանակի գույներով: Այս պատմությունը ցույց է տալիս ժամանակակից ֆուտբոլի գեղեցիկ կողմը, ապացուցում որ գումարը ոչինչ է այդ հրաշագեղ խաղի մեջ:

Երբ Անգլիայի 2014/2015 թվականի առաջնությունը մոտենում էր ավարտին, արտասովոր ոչինչ չկար. մի քանի թիմ պայքարում էր չեմպիոնության համար, մյուսները՝ առաջնությունում մնալու: «Լեսթերը»՝ մեր պատմության մասնակիցներից մեկը, պայքարում էր առաջնությում տեղ պահպանելու համար: Եվ դա չէր ստացվում նրա մոտ այնքան ժամանակ, մինչև որ չհանդիպեց Ռանիերիին՝ մեր մյուս հերոսին: Ճակատագրական հանդիպում, որը փոխեց ամբողջ պատմության հետագա ընթացքը: Աղյուսակի ամենաստորին հատվածից թռիչք մինչև 14-րդ տեղ, 9 խաղում 7 հաղթանակ և սա միայն սիրո առաջին արգասիքներն էր:


Ինչպես ամեն մի սիրող զույգի մոտ, այս զույգը ևս ցանկանում էր երեխա ունենալ: Դա նրանց մոտ ստացվեց արդեն հաջորդ՝ 2015/2016 մրցաշրջանում և իրենց միախառնվելուց ծնվեց մի հիանալի, պայքարող և հաղթանակների ծառավ ունեցող թիմ, որը պետք է պայքարի մեջ մտներ գիգանտների հետ: Եվ չնայած ոչ մեկ չէր հավատում երեխայի ապագային, հավատում էին ծնողները:

Առաջնության հենց սկզբից երևաց «Լեսթեր» թիմի անհատականությունը: Նրանք առանց գոռուն-գոչյունների ուզում էին բոլորին ցույց տալ, որ ֆուտբոլը թիմային խաղ է և այն խաղում են գնդակով, այլ ոչ թե գումարով: Առաջնությունում ամենացածր աշխատավարձային բյուջե ունեցող թիմում հանդես էին գալիս այսպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Մահրեզը՝ ով նախորդ մրցաշրջանում հանդես էր եկել Ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում, և 29-ամյա Վարդին, ով ընդամենը 5 տարի առաջ աշխատում էր գործարանում:

Առաջնության առաջին կեսի ավարտից հետո ֆուտբոլային աշխարհն արդեն պայթել էր: Նրանք խոսում էին «Լեսթերի» սենսացիոն հաղթանակների, սպասվող չեմպիոնության մասին: «Լեսթերն» ուներ կրած ընդամենը մեկ պարտություն 19 խաղում: Եվ այդ բազում հաղթանակների գլխավոր հերոսը թիմն էր՝ Վարդիի և Ռանիերիի գլխավորությամբ:

Ռանիերին համեստորեն լռում էր: Երբ թիմին ընդամենը մի քանի քայլ էր բաժանում չեմպիոնությունից, կրկին նշում, որ նպատակը մեկն է՝ լավ խաղ ցուցադրել և տեղը պահպանել Պրեմիեր Լիգայում: Ռանիերիի նպատակը իրականացավ: Ապրիլին նրա թիմն իր պատմության ընթացքում առաջին անգամ տեղն ապահովեց ՉԼ-ում: Անհավատալի է... նրանք արդեն ՉԼ-ում են, երբ ընդամենը մեկ տարի առաջ պայքարում էր տեղն առաջնությունում պահպանելու համար:



Ավելի անհավատալին այն էր, որ համեստ Ռանիերին և իր թիմը նվաճում են չեմպիոնությունը: Ֆանտաստիկա... ֆուտբոլը հաղթում է գումարին: Ամբողջ ֆուտբոլային աշխարհը հրճվանքի մեջ էր, բոլորը հիացած էին այս գեղեցիկ պատմությունով:

«Կարեւոր է մեր պատմությունն ավարտել այնպես, ինչպես ամերիկյան ֆիլմում» նշել էր Ռանիերին: Սակայն չստացվեց: Պատմությունը շարունակվեց մինչև 2017թ. փետրվար: Ռանիերին բաժանվում է իր սիրուց՝ ակումբից և թիմից: Նրան հեռացրեցին:

Այո, պատմությունը չունեցավ ուրախ ավարտ, ինչպես միշտ է լինում, սակայն այն իր տեսակով յուրահատուկ էր: Ռանիերին ամբողջ աշխարհին ցուցադրեց, որ ամեն ինչ փողով որոշվող այս դարում փողը ոչինչ է, այն էլ աշխարհի ամենաթանկ լիգայում: Ռանիերին ցույց տվեց, որ սերը միայն զույգերի միջև չէ որ կարող է լինել:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՌԱՆԻԵՐԻ

Արթուր Մոսոյան

четверг, 23 февраля 2017 г.

Մտածելակերպն ու սխալները ծնողների մոտ

Կա մտածելակերպի երկու տարբեր տեսակ՝ երկուսն էլ ներկայացվում են նկարում: Եվ հենց այդ երկու տեսակից էլ կախված է մարդու տեսակը, վարքը ապագայում՝ թե ինչպես է նա դաստիարակվել վաղ հասակում:

Հաճախ ծնողների կոպիտ սխալների համար հատուցում են նրանց երեխաները, իսկ թե ինչքան է սա կրկնվելու՝ չգիտեմ... Եվ ահա այս նկարի օրինակով ներկայացնեմ ծնողների մի քանի կոպիտ սխալներ:


Առաջին և ամենակոպիտ սխալը համեմատությունն է ուրիշի հետ: «Եթե դու չանես սա, ապա կնմանվես նրան», «նա քեզանից լավն է»,  «նա կարողանում է դա անել, իսկ դու՝ ոչ»: Համոզված եմ, ոչ մի փոքրի, նույնիսկ մեծահասակներին դուր չի գալիս, երբ իրենց համեմատում են ուրիշի հետ:

Ամեն մարդ առանձին անհատականություն է, ունի իր լավ ու վատ կողմերը: Իսկ ինչու՞ մարդու(երեխայի) մեջ կոտրել այդ անհատականությունը, սահմանափակել նրա կարողությունները...: Երբ մեկին համեմատում ես ուրիշի հետ, արդեն այդ մարդը մոռանալով իր լավ ու վատ կողմերի մասին, ինքնըստինքյան սահմանափակվում է, նմանվելով նրան, ում հետ համեմատվել էր:

Մի այսպիսի ասացվածք կա՝ «ձախողակները կենտրոնանում են խնդրի վրա, հաջողակները՝ խնդրի լուծման»: Իսկ այս նկարում առաջին ծնողը կենտրոնանում է խնդրի վրա՝ «եթե չսովորես...»: Բայց ինչու՞ երեխային հենց սկզբից դաստիարակել այնպես, որ նա մտածի խնդրի, այլ ոչ թե լուծման մասին, որը այս նկարում ցույց է տրված երկրորդ ծնողի մոտ:

Եվ ահա երրորդ սխալը այն է, որ երեխային փոքրուց չեն սովորեցնում օգնել կարիքավորին կամ վատ դրության մեջ ընկածին, այլ սովորեցնում են չնմանվել նրան: Իսկ սիրելի ծնողներ, չե՞ք մտածում, որ օրերից մի օր հենց այդ իրավիճակում կարող է հայտնվել Ձեր երեխան, և ոչ մեկ չի լինի, որ ձեռք մեկնի նրան:

Իհարկե, սա ընդամենը լուսանկար է, բայց այքան իրական դեպքեր են պարունակվում այս մի լուսանկարում: Ուղղակի մի քիչ մտածեք սիրելի ծնողներ և ընդհանրապես, մարդիկ...

Արթուր Մոսոյան