Փետրվարի 11-ին Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում նշվեց սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ջավախքում սա միակ եկեղեցական տոնն է, որ հազարավոր երիտասարդներ փետրվարի 10-ի՝ լույս 11-ի գիշերը ուխտի են գնում Դիլիսկա գյուղի սիրո բարեխոսի անունը կրող եկեղեցի:
Սուրբ Սարգիսի տոնը Ջավախքում յուրատեսակ է անցնում: Երիտասարդները տարբեր վայրերից զանգվածաբար ուխտի են գնում Դիլիսկա գյուղի սիրո բարեխոսի անունը կրող եկեղեցի:
Ամբողջ գիշեր մարդկանց հոսքը դեպի Դիլիսկայի Սբ Սարգիս եկեղեցի չէր դադարում: Երիտասարդները շտապում էին վայրկյան առաջ մտնել եկեղեցի մոմ վառել և փոխանակել մոմերը: Այնուհետև փոխանակած մոմերը տուն են տանում և քնելիս բարձի տակ դնում, հուսալով, որ երազներին կտեսնեն իրենց կյանքի ուղեկցին՝ ապագա կնոջը կամ ամուսնուն:
Սուրբ Սարգիսը նահատակվելուց առաջ մի աղոթք է արել՝ Տեր Աստված, բոլոր նրանք, ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզանից, իրականություն դարձրու:
Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը երիտասարդներին շնորհավորելով տոնի կապակցությամբ հորդորեց իրենց հավատքի մեջ ամուր լինեն:
«Սիրելի երիտասարդներ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ ձեր հավատքի մեջ լինեք անսասան, լինեք անկեղծ ձեր աղոթքներում: Եկեղեցին միշտ պահպանել է ժողովրդի կողմից ստեղծված ավանդույթները, որի մաս է կազմում նաև աղի բլիթի կիրառությունը, բայց դա չպետք է լինի միակ նպատակը, այլ սիրով և հավատքով լցված Սրբի բարեխոսությունը խնդրել մեր ներկա և ապագա կյանքի համար: Թող Արագահաս Սուրբ Սարգիսն ու նրա որդի Մարտիրոսը իր 14 զինակիցներով պահապան ու բարեխոս լինեն մեր բորոր երիտասարդների համար, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև: Աստված օրհնի բոլորիս»:
Սուրբ Սարգիս զորավարը Կապադովկիայից էր: 285թ. Կոստանդիանոս կայսեր հրամանով զբաղեցրեց զորքի հրամանատարի պաշտոնը և երկար տարիներ ծառայեց որպես զորավար: Հետագայում, Հուլիանոս թագավորի հրամանով սկսվում է Քրիստոնեական եկեղեցու հալածանքները:
Սուրբ Սարգիսը ստիպված Կապադովկիայից տեղափոխվում է Հայաստան, որի թագավորը այդ ժամանակ Տիրանն էր: Նրա խնդրանքով Ս. Սարգիսը ծառայության է անցնում Շապուհ արքայի մոտ: Սակայն Շապուհ արքան պահանջում է պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջպես մերժում է: Դրանից հետո Ս. Սարգիսը սկսում է հալածվել որդու և 14 մարտիկների հետ միասին: Առաջինը, ով նրանցից նահատակվում է Մարտիրոսն էր, Ս. Սարգիսի որդին: Դրանից հետո ձերբակալեցին Ս. Սարգիսին և հրամայեցին գլխատել նրան: Նահատակվեցին նաև 14 մարտիկները հավատարիմ մնալով իրենց զորավարին և կրոնին:
Արթուր Մոսոյան
Հրապարակվել է Jnews.ge կայքում
Комментариев нет:
Отправить комментарий